Վերադառնալ գլխավոր կայք

«Մաքրասեր» — Ծառայության պայմաններ

Հիմնական պայմանները՝ համառոտ

Սա հիմնական պայմանների ամփոփումն է։ Դադարեցման, վերադարձի, սառեցման և մյուս մանրամասների համար ծանոթացեք ամբողջական պայմաններին։

1. Ծառայության մասին

«Մաքրասեր»-ը կենցաղային աղբի տեղափոխման առանձին, կամավոր ծառայություն է։ Այն համատիրության ծառայություն չէ։

Աշխատակիցը բնակարանի դռան մոտ ընդունում է աղբը և տեղափոխում շենքին կից քաղաքային աղբամաններ։

Կապ՝ +374 41 66 86 46, Telegram, WhatsApp, info@maqraser.am։

2. Փաթեթի ընտրություն և պայմանների ընդունում

Բնակչին մինչև վճարումն ուղարկվում է ծառայության պայմանների հղումը։ Ծառայության համար վճարում կատարելով՝ բնակիչն ընդունում է մինչև վճարումը իրեն հասանելի դարձված ծառայության պայմանները։ Պայմանների ընդունման կամ փաթեթի ընտրության առանձին գրավոր հաստատում չի պահանջվում։

Փաթեթը որոշվում է վճարված գումարով՝ 1 ամիս՝ 7,000 դրամ, 6 ամիս՝ 36,000 դրամ՝ մեկ վճարումով, 12 ամիս՝ 60,000 դրամ՝ մեկ վճարումով։

Եթե վճարված գումարը հստակ չի համապատասխանում որևէ փաթեթի կամ ներառում է չմարված պարտք, գումարի բաշխումը ճշտվում է բնակչի հետ՝ առանց փաթեթն ինքնաբերաբար որոշելու։

Մեկնարկի ամսաթիվը հաստատվում է նամակագրությամբ։

Վճարումը հաստատում է բնակչի՝ մեկնարկային անվճար ամսից հետո ծառայությունը շարունակելու որոշումը։ Եթե բնակիչը չի ընտրում շարունակել ծառայությունը, սպասարկումն ավարտվում է անվճար ամսվա հետ՝ առանց վճարման պարտավորության։

3. Սպասարկման օրերը և ժամերը

Սպասարկումը կատարվում է երկուշաբթիից շաբաթ՝ օրական մեկ այցով։ Կիրակի օրը ծառայությունը չի մատուցվում։

Այցերը կատարվում են տվյալ մասնաշենքի համար հայտարարված ժամային միջակայքում։ Այդ միջակայքի ներսում այցի կոնկրետ ժամը կարող է տատանվել։

Ժամային միջակայքը փոխելու դեպքում բաժանորդն իր ընտրած կապի ալիքով տեղեկացվում է առնվազն 48 ժամ առաջ։ Նշվում են նոր միջակայքը և դրա կիրառման մեկնարկի ամսաթիվը։

Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին ծառայությունը չի մատուցվում։ Այդ օրերը չեն ներառվում նախատեսված սպասարկման օրերի մեջ և փոխհատուցման կամ ժամկետի երկարաձգման հիմք չեն։ Առնվազն 7 օր առաջ ուղարկվում է հիշեցում։ Մյուս տոներին գործում է սովորական ժամանակացույցը։

4. Մեր աշխատանքի կարգը

Աղբն ընդունվում է բացառապես ձեռքից ձեռք՝ բնակարանի դռան մոտ։ Աշխատակիցը բնակարան չի մտնում և կանխիկ գումար չի ընդունում։

Աշխատակիցը զանգում է դռան զանգը։ Դուռը չբացվելու դեպքում մոտ 30 վայրկյան անց կրկնում է զանգը՝ առաջին զանգից հաշված սպասելով ընդհանուր առնվազն 1 րոպե։

Եթե դուռը չի բացվում, աշխատակիցը շարունակում է երթուղին։ Նույն օրը կրկնակի այց չի կատարվում․ հաջորդ այցը լինում է հաջորդ սպասարկման օրը։

Բաժանորդի բացակայությունը, դուռը չբացելը կամ տվյալ օրը աղբ չհանձնելը վճարի վերահաշվարկի կամ փաթեթի երկարաձգման հիմք չեն։

Միջանցքում կամ այլ ընդհանուր տարածքներում թողնված աղբը չենք վերցնում։

5. Ընդունվող աղբը

Օրական ընդունվում է մինչև 3 կապած աղբի տոպրակ՝ ընդհանուր մինչև 10 կգ քաշով։

Չեն ընդունվում՝

Մեր աշխատանքի կարգին չհամապատասխանող աղբը չընդունելը չի համարվում բաց թողնված այց։

Շինարարական աղբի և խոշոր առարկաների տեղափոխումը հնարավոր է միայն առանձին պայմանավորվածությամբ և վճարով։

6. Փաթեթներ և վճարում

Փաթեթներ և վճարում
ՓաթեթԱմսական արժեքՎճարման գումար
1 ամիս7,000 դրամ7,000 դրամ՝ ամեն ամիս
6 ամիս6,000 դրամ36,000 դրամ՝ մեկ վճարումով
12 ամիս5,000 դրամ60,000 դրամ՝ մեկ վճարումով

Վճարումը կատարվում է անկանխիկ՝ «Մաքրասեր»-ի տրամադրած վճարման տվյալներով։ Ավտոմատ գանձում չի կատարվում։

Վճարման նպատակի դաշտում խնդրում ենք նշել շենքի հասցեն, մասնաշենքի լատինատառ նշումը (A, B, C) և բնակարանի համարը, օրինակ՝ Komitas 59/12 B 777։ Վճարման անդորրագիրն ուղարկեք՝ պատասխանելով վճարման մասին հաղորդագրությանը։

Առաջին վճարումը

Ամսվա 1–14-ը ներառյալ վճարովի սպասարկումը սկսելու դեպքում բոլոր փաթեթների՝ ներառյալ 6 և 12 ամսվա փաթեթների, առաջին վճարումը կատարվում է մինչև նույն ամսվա 14-ը ներառյալ։

Ամսվա 14-ից հետո վճարովի սպասարկումը սկսելու դեպքում առաջին վճարումը կատարվում է մինչև սպասարկման մեկնարկը։

Նախատեսված ծանուցման օրվանից հետո միացող բաժանորդին վճարման վերաբերյալ տեղեկությունը՝ գումարը, վճարման տվյալները և վերջնաժամկետը, տրամադրվում է սպասարկման մեկնարկը համաձայնեցնելիս։

Ամսական փաթեթի առաջին վճարը հաշվարկվում է միանալու օրվանից մինչև ամսվա ավարտը՝ նախատեսված սպասարկման օրերի համամասնությամբ։

6 և 12 ամսվա փաթեթների ամբողջ գումարը վճարվում է մեկ վճարումով։ Ժամկետը հաշվարկվում է սպասարկման համաձայնեցված մեկնարկից, ոչ թե վճարման օրվանից։

Ամսական փաթեթի շարունակումը

Ամսական փաթեթը շարունակվում է առանց ամեն ամիս նոր հաստատման, եթե գինն ու հիմնական պայմանները չեն փոխվել և բաժանորդը չի խնդրել դադարեցնել ծառայությունը։

Վճարումը՝ մինչև ամսվա 14-ը ներառյալ։ Այս վերջնաժամկետը գործում է ամեն ամիս։

Հաջորդ ամսից չշարունակելու համար բաժանորդը տեղեկացնում է մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը ներառյալ։ Այդ դեպքում հաջորդ ամսվա սպասարկումը չի սկսվում և վճար չի հաշվարկվում։

6 և 12 ամսվա փաթեթների երկարաձգումը

Երկարաձգման համար անհրաժեշտ է համաձայնեցնել նոր փաթեթը և վճարել մինչև գործող փաթեթի վերջին օրը ներառյալ։

Չերկարաձգելու դեպքում սպասարկումը դադարում է վճարված ժամկետին հաջորդող օրվանից։ Երկարաձգման նկատմամբ ամսվա 1/10/14/15-ի ծանուցումների, վճարման և կասեցման կարգը չի կիրառվում։

Սառեցման կամ փոխհատուցման պատճառով փաթեթի ավարտը տեղափոխվելիս համապատասխանաբար տեղափոխվում է նաև երկարաձգման վճարման վերջնաժամկետը։

7. Վճարման ուշացում և կասեցում

Այս կարգը վերաբերում է ամսական փաթեթների հերթական վճարումներին և բոլոր փաթեթների այն առաջին վճարումներին, որոնց վերջնաժամկետն ամսվա 14-ն է։ Վճարումը՝ մինչև ամսվա 14-ը ներառյալ։ Չվճարելու դեպքում սպասարկումը կասեցվում է ամսվա 15-ից։

Մինչև կասեցումը՝ վճարովի սպասարկման համաձայնեցված մեկնարկից մինչև ամսվա 14-ը ներառյալ, գումարը հաշվարկվում է կիրառելի սովորական ամսական սակագնով՝ նախատեսված սպասարկման օրերի համամասնությամբ՝ ստորև նշված հաշվարկի կարգով։ Մինչև բաժանորդի սպասարկման մեկնարկը վճար չի հաշվարկվում։ Ներկայիս ամսական սակագինը 7,000 դրամ է։

Նույն վերջնաժամկետը և կասեցման կարգը կիրառվում են նաև 6 կամ 12 ամսվա փաթեթ ընտրած բաժանորդի նկատմամբ, եթե առաջին վճարումը ենթակա է կատարման մինչև ամսվա 14-ը ներառյալ։ Չվճարելու և ամսվա 15-ից կասեցվելու դեպքում մինչև ամսվա 14-ը ներառյալ տրամադրված սպասարկման արժեքը հաշվարկվում է կիրառելի սովորական ամսական սակագնով՝ նախատեսված սպասարկման օրերի վերոնշյալ համամասնությամբ։ Չվճարված երկարաժամկետ փաթեթի ամբողջ գումարը պարտք չի համարվում։

Կասեցման ընթացքում նոր վճար չի հաշվարկվում։ Մինչև կասեցումը հաշվարկված պարտքը մնում է վճարման ենթակա։

Վերսկսելու համար բաժանորդը մարում է պարտքը, համաձայնեցնում փաթեթն ու վերսկսման օրը և կատարում համապատասխան վճարումը։ Այցերը վերսկսվում են վճարումից հետո հաջորդ սպասարկման օրվանից։

8. Մասնակի ժամանակահատվածների հաշվարկ

Ամսական փաթեթի դեպքում մեկ սպասարկման օրվա արժեքը հաշվարկվում է՝ ամսական վճարը բաժանելով տվյալ ամսվա նախատեսված սպասարկման օրերի քանակին։

Մասնակի ժամանակահատվածի վճարը հավասար է մեկ սպասարկման օրվա արժեքին՝ բազմապատկած համապատասխան ժամանակահատվածի նախատեսված սպասարկման օրերի քանակով։

Այս կարգը կիրառվում է միանալու, դադարեցնելու, կասեցնելու և չկատարված այցերը փոխհատուցելու դեպքում։

Կիրակիները, դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը չեն ներառվում սպասարկման օրերի մեջ։ Բաժանորդի բացակայությունը կամ դուռը չբացելը նախատեսված օրը հաշվարկից հանելու հիմք չէ։

9. Չկատարված այցերի փոխհատուցում

Մեր աշխատանքի պատճառով, ինչպես նաև տեխնիկական խափանման կամ շենք մուտքի սահմանափակման հետևանքով չկատարված յուրաքանչյուր նախատեսված այց փոխհատուցվում է՝ առանց բաժանորդի առանձին դիմումի։

Բաժանորդի բացակայությունը, դուռը չբացելը կամ մեր աշխատանքի կարգին չհամապատասխանող աղբը չընդունելը փոխհատուցվող դեպքեր չեն։

Անվճար, սառեցված կամ չվճարելու պատճառով կասեցված ժամանակահատվածների համար այս փոխհատուցումը չի հաշվարկվում։

10. Բաժանորդագրության սառեցում

6 և 12 ամսվա փաթեթների դեպքում բաժանորդը կարող է տվյալ փաթեթի գործողության ընթացքում մեկ անգամ սառեցնել սպասարկումը՝ մինչև 30 օրացուցային օրով։

Սառեցման մասին անհրաժեշտ է տեղեկացնել առնվազն 3 օր առաջ՝ նշելով սկզբի և ավարտի ամսաթվերը։

Սառեցման ընթացքում այցեր չեն կատարվում, իսկ փաթեթի ավարտը հետաձգվում է սառեցման օրերի քանակով։

Ամսական փաթեթի համար սառեցում չի կիրառվում։

11. Բաժանորդի ցանկությամբ դադարեցում և վերադարձ

Բաժանորդը կարող է դադարեցնել ծառայությունը՝ անձնական նամակագրությամբ տեղեկացնելով «Մաքրասեր»-ին և նշելով դադարեցման օրը։

Ամսական փաթեթ

Վճարը հաշվարկվում է մինչև դադարեցման օրը ներառյալ՝ նախատեսված սպասարկման օրերի համամասնությամբ։

Նախապես վճարված գումարի չօգտագործված մասը վերադարձվում է։ Չվճարված լինելու դեպքում վճարման ենթակա է միայն մինչև դադարեցումը հաշվարկված գումարը։

6 և 12 ամսվա փաթեթներ

Վաղաժամ հրաժարվելիս վճարված գումարից հանվում է օգտագործված ժամանակահատվածի արժեքը՝ փաթեթը համաձայնեցնելիս գործող ամսական սակագնով։ Ներկայիս սակագինը 7,000 դրամ է։

Ամբողջ օգտագործված ամիսները հաշվարկվում են ամսական սակագնով։ Ոչ լրիվ ամիսը հաշվարկվում է համապատասխան բաժանորդագրային ամսվա նախատեսված սպասարկման օրերի համամասնությամբ։

Բաժանորդագրային ամիսը հաշվվում է մեկնարկի ամսաթվից․ օրինակ՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը ներառյալ։

Սառեցված և փոխհատուցվող չկատարված այցերի օրերը որպես օգտագործված չեն հաշվվում։ Նույն օրվա համար կրկնակի փոխհատուցում չի կատարվում։

Եթե հաշվարկված օգտագործված արժեքը հավասար է վճարված գումարին կամ գերազանցում է այն, վերադարձ չի կատարվում, և լրացուցիչ վճար չի պահանջվում։

Բնակչի տեղափոխման դեպքում կիրառվում է նույն կարգը։

12. Դադարեցում մեր նախաձեռնությամբ կամ փոփոխած ժամերի պատճառով

Մեր աշխատանքի կարգի պարբերական խախտումների դեպքում նախ ուղարկվում է գրավոր նախազգուշացում։ Խախտումները շարունակվելու դեպքում ծառայությունը կարող է դադարեցվել՝ 7 օր առաջ տեղեկացնելով։

Աշխատակցի նկատմամբ սպառնալիքի կամ նրա անվտանգությանը վտանգ սպառնացող վարքի դեպքում ծառայությունը կարող է դադարեցվել անհապաղ։

Եթե «Մաքրասեր»-ի փոփոխած ժամային միջակայքը բաժանորդին հարմար չէ, նա կարող է դադարեցնել ծառայությունը՝ տեղեկացնելով մեզ։ Սա վերաբերում է հայտարարված միջակայքի փոփոխությանը, ոչ թե նույն միջակայքի ներսում այցի ժամի տատանմանը։

Այս դեպքերում բոլոր փաթեթների չօգտագործված գումարը վերադարձվում է փաթեթի վճարված դրույքով՝ առանց օգտագործված ամիսները ամսական 7,000 դրամով վերահաշվարկելու։

13. Վերադարձի եղանակը և ժամկետը

Վերադարձը կատարվում է անկանխիկ՝ ծառայության դադարեցման օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Վերադարձի հաշվարկում հաշվի են առնվում նաև չկատարված այցերի համար դեռ չօգտագործված փոխհատուցումները՝ առանց կրկնակի հաշվարկի։

14. Սակագների և պայմանների փոփոխություն

Նոր փաթեթի ընտրությունը կամ երկարաձգումը կատարվում է համաձայնեցման պահին գործող սակագներով և պայմաններով։

Դրանք մինչև համաձայնեցումը ներկայացվում են բաժանորդին և կիրառվում են նրա համաձայնությամբ։ Եթե նոր գինը կամ հիմնական պայմաններն ընդունված չեն, նոր ժամանակահատվածի սպասարկումը դրանցով չի սկսվում։

Արդեն համաձայնեցված փաթեթի հիմնական պայմանները պահպանվում են դրա գործողության ընթացքում։ Սահմանված վերջնաժամկետում վճարելու հնարավորությունը չի նշանակում, որ մինչև վճարումը կարող է փոխվել արդեն համաձայնեցված գինը։

Գործող փաթեթի պայմանները բաժանորդի համար խստացնելը պահանջում է առանձին համաձայնություն։ Բարելավումները կարող են կիրառվել ավելի շուտ՝ տեղեկացնելով բաժանորդին։

Ժամային միջակայքի փոփոխության համար գործում է առնվազն 48 ժամ առաջ անհատական ծանուցման և անհամաձայնության դեպքում դադարեցման վերոնշյալ կարգը։

15. Հաղորդակցություն և տվյալների օգտագործում

Ծառայության հետ կապված հաղորդակցությունը կատարվում է «Մաքրասեր»-ի կապի միջոցներով՝ բաժանորդի ընտրած ալիքով։

Սակագների, ժամային միջակայքի և պայմանների փոփոխությունների մասին տեղեկացվում է անհատապես։ Կայքում կամ Telegram ալիքում հրապարակումը լրացնում է անհատական ծանուցումը և չի փոխարինում դրան։

Սպասարկումը կազմակերպելու համար օգտագործվում են բաժանորդի անունը, մասնաշենքը, բնակարանի համարը, հարկը, հեռախոսահամարը, նախընտրելի կապի ալիքը, նամակագրությունն ու վճարումների տվյալները։

Աղբը հավաքող աշխատակցին տրամադրվում են միայն սպասարկման համար անհրաժեշտ հասցեական տվյալները՝ մասնաշենքը, բնակարանի համարը և հարկը։

Անունը, հեռախոսահամարը, նամակագրությունն ու վճարումների տվյալները հասանելի են ծառայությունը կազմակերպողին և օգտագործվում են սպասարկման, հաշվարկների ու բաժանորդի հետ կապի նպատակով։

Բաժանորդը կարող է դիմել իր տվյալների ուղղման կամ ջնջման հարցով։ Ջնջման հնարավորությունը գնահատվում է՝ հաշվի առնելով չավարտված հաշվարկներն ու տվյալների պահպանման կիրառելի պահանջները։